Այսօր՝ 25.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Silva Kaputikyan - Siro erg Սիլվա Կապուտիկյան - Սիրո երգ

Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչու է ձմեռն այսքան գարուն,
Ձմռան արեվը այսքան այրում,
Անխոս երկինքը այսքան անհուն,
Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:

Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչու են ձեր փողոցում
Այդքան սիրով ինձ ճամփա բացում
Անցորդներ , տներ,մայթեր ու ձյուն,
Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ:

Ու թե չենք սիրում մենք իրարու,
Ինչու են աստղերն այսքան անթիվ ,
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ ,
Եթե չենք սիրում մենք իրարու:


Դու վայրի ժայռի ծայրին
Քմահաճ կակաչ լինես,
Ես նայեմ, նայեմ վերից
Ու քեզնից կարոտ մնամ:
Դու խորունկ խորունկ ձորում
Ինձ կանչող կարկաչ լինես,
Ես անզոր նայեմ վերից
Ու քեզնից ծարավ գնամ:

Դու ծավի ծովի ծոցում
Մարգարիտ քարը լինես,
Ես անհույս նայեմ ափից
Ու քեզնից անհաս մնամ.
Դու հավերժ մոտ ու հեռու՝
Մեր Մասիս սարը լինես
Ես նայեմ, այրվեմ անվերջ
Ու քեզնից անհաս մնամ...