Այսօր՝ 25.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Paruyr sevak - ankexc asac Պարույր Սևակ - Անկեղծ ասած


Անկեղծ ասած` այս ամնեից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս,որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել , հույս եմ տվել,
Վատդ թողած` լավդ թվել,
Հավատացրել , հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել `
Չտեսնված, չեղած մի դուռ:
Սակայն ի՞նչ եմ ստացել
Այդ ամենին ի տրիտուր:
Անկեղծ ասած` ոչինչ չկա, և ոչ էլ կար:


Անկեղծ ասած` դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես կարծել երկար,
Ու՞ր ես, ասա՛, դու ինձ մղել:
Ճիշտ ճամփից ես միայն շեղել:
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի~նչ, ոչի~նչ:
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:

Անկեղծ ասած` քո տվածից ես հոգնել եմ:

Ինքդ գիտես` որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու ... որ դու նման լինես իմ երազին:
Իսկ դու գիտե՞ս` ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»:
Հեքիաթն, այո, միտքս ընկավ...
Դու` հեքիաթում հրաշք աղջիկ,
Այնիչ կյանքում` ինչ-որ... չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...

Անկեղծ ասած` զուր էր ամբողջ այս աղմուկը:

Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում,
Մե~կ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում.
Ցած է ընկնում երեք խնձոր-
Մեկ` ասողին,
Մեկ` լսողին,
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին...

Անկեղծ ասած` հեքիաթներից ես հոգնել եմ...