Այսօր՝ 20.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Hovhannes Shiraz - Mayrik, hivand em, sirts qrqrvac Հովհաննես Շիրազ - Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված...

Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված.
Տես, ո՜րքան խորն են հոգուս վերքերը
Արնոտ ու խոցոտ:
Մի՞թե կարող ես վերքերըս բուժել,
Որ տիեզերքի հըսկա վերքերի
կաթիլներիցն են:

Մայրի՛կ, հիվանդ եմ երկընքի ցավով.
Տե՛ս, ի՜նչպես դառըն երգում եմ երգեր
Անհուն վըշտերի, տանջված մըտքերի.
Մի՞թե կարող ես երգերս մարել,
Որ տիեզերքի հսկա վերքերի
Ցավն ու կըսկիծն են...

Ա՜խ, թո՛ղ, մայրիկ իմ, վերքերս վառվին,
Թո՛ղ ես մըրմընջամ, անհույս մորմոքին.—
Ա՜խ, դու չե՛ս կարող խեղճ որդուդ կյանք տալ,
Ափսո՜ս, չես կարող բոցը արևի,
Շողքը աստղերի, թափը կայծակի
Հոգուս մեջ ձըգել — կյանք տալ իմ կյանքին:
Երբեք չե՛ս կարող ջնջել ու փըշրել
Երկինք ու երկիր — իմ մեծ վերքերը
Արնոտ ու խոցոտ...