Այսօր՝ 27.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Paruyr sevak - Ser@ Պարույր Սևակ - Սերը


I

Նա գալիս է մի՛շտ էլ ճամփաներով անհա՜յտ – չքարտեզագրվա՜ծ,
Ինչպես ջուրն անձրևի, կամ հալոցքի։
—Սերն է։
Հոլանդացիք ծովի՛ց, ամենազո՜ր ծովից
Հող են հափշտակում,
Խլում պատա՜ռ – պատա՜ռ, նշխա՛ր – նշխար։
—Սերն է։
Երբ վիթխարի նավը մոտենում է դանդաղ
Նավարկելի գետի ցածըր կամուրջներին,
Սրանք թևերն իրենց վե՛ր են տնկում,
Իսկույն անձնատուր են լինում կարծես։
—Սերն է ...
II

Հետըդ զրուցողին պատասխան ես տալիս՝
Խելոք, կարգին – սարքին մեքենայի նման,
Մինչդեռ մտքով, անվե՜րջ, նրա՛ հետ ես խոսում,
Ով հեռու է քեզնից.
Լոկ անունն է քեզ մոտ,
Իբրև մի անձնագիր, որ ... չի կնքված։
—Սերն է։
Քներակիդ զարկը կաթոցքի է նման,
Ա՛յն կաթոցքի, որ "ճի՜շտ" քար է ծակում։
Անքնությունն անվերջ հյուսում է ցանց մի խիտ,
Որով ձո՛ւկ չեն որսում,
Խեղդում են մա՜րդ։
—Սերն է։
Քնքշացել ես այնքա՜ն
ՈՒ խոցելի՛ դարձել,
Կարծես թե ապրում ես առանց մաշկի։
—Սերն է։
Երկու աչքեր, անվե՜րջ, հետապնդում են քեզ,
Երկու աչքեր, ասես մի զույգ դրոշմ,
Իրենց անջնջելի տիպն են դնում
Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛
ԵՎ մինչևիսկ արյան գնդիկների՛դ վրա,–
Երկու աչքեր՝
Դրո՛շմ,
Կնի՛ք,
Խարա՜ն ...
—Սերն է...