Այսօր՝ 19.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Paruyr sevak - Caxracun Պարույր Սևակ - Ծաղրածուն

Վճռել եմ այսօր ձեզ զվարճացնել...

Ես, ինչ խոսք, այսօր պիտի բոց չուտեմ
Կամ կուլ տամ դաշույն
Ու կլլածիս տեղ
Բերնիցս հանեմ թաշկինակ կամ ծիտ,
Ինչպես անում են
Շատ սովորական ձեռնածուները:
Եվ գլխիս վրա չպիտի դնեմ
Մի հսկայական երկաթե գերան
Ու կախ տամ վրան
Ճութ-ճութ կիսամերկ կանայք սիրունիկ,
Ինչպես անում են, գիտե՛ք, կրկեսում:

Եվ ո՛չ էլ պիտի ես արջ պար ածեմ
Մի զույգ շնիկի հաչոց-նվագով...

Կարող եմ նաև դդումից սարքել
Արև՝ թե կուզեք, թե կուզեք՝ գլուխ...
Սատուրնից սարքել լայնեզր գլխարկ
Եվ տեղն ու տեղն էլ նվիրել սիրով
Ծխախոտագործ մի ընկերուհու...
Իսկ գլխարկից էլ կարդինալ սարքել
Կամ մարշալ
Եվ կամ...
Ախար, բարեկա՛մ,

Ախար ինձ համար ո՜չ մի բան չարժի
Փայտին տալ, ասենք, ուղեղի ծալքեր,
Ուղեղից...հավի համեղ կուտ սարքել,
Կուտից՝ կերակուր հասարակական...

Հույս ունեմ, որ դուք
Ինձ հավատացիք,
Ուստի թույլ տվեք՝ շարունակելով՝
Ձե՛զ հավատացնել-ինձ վհատեցնել,
Որ ճշմարտություն իսկույն ասելը
Դարձել է մի բան՝այնքա՜ն հասարակ,
Որքան...ներեցե՛ք...որքան...միզելը:
Ուստի ասե՜մ ձեզ՝ բարեկամների՛ս,
Որ այսու և ետ բացառված հաշվեք
Հիվանդությունը երիկամների՝
Կա՞պ կոչվի,թե՞ մապ,
Քա՞ր կոչվի,թե՞ մար,
Մեկ չէ՞ ձեզ համար...
Ուստի ո՞նց չասեմ բարեկամներիս,
Որ այսու և ետ պետք չէ սուտ ծախել,
Այլ, ինչպես ինքս, մեջքիս պոչ կախել
Ու...քշե՜լ կծող ճանճերին բոլոր՝
Դրանք կոչվեն մի՞տք, մտատանջությու՞ն,
Թե՞ հոգետագնապ,-
Մի՞թե նույնը չէ...


Եվ ես,
Վերջապե՛ս,
Էլ ինչպե՞ս, ինչպե՞ս
Ձե՛զ վհատեցնեմ - ի՛նձ հավատեցնեմ,
Որ ահա այսպե՛ս,
Ճի՜շտ ու ճի՛շտ այսպես
Ա՛յն դեղին ցուլը,
Որ ուզում էի աշնանը գնել,
Կերավ ա՛յն կանաչ բանջարեղենը,
Որ ուզում էի գարնանը ցանել:
Ի՜նչ չտեսություն,
Ի՜նչ չտեսություն...

Ուրիշ ի՞նչ:
Ոչի՜նչ:
Ոչինչն էլ քո պինչ,
Քո պինչն էլ՝ իմ պոչ
Եվ...ցտեսությու՜ն...