Այսօր՝ 19.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Paruyr sevak - Noraoia axotq Պարույր Սևակ - Նորօրյա աղոթք


Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ` շա՜տ եմ վախենում
Բյուրավոր ու բո՜ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո՜ւտ հավատացյալից:

Եթե աստված եք,
Փչեցե՜ք նրանց բոլո՜ր մոմերը,
Մարեցե՜ք նրանց կանթեղներն ամե՜ն,
Հանգցրե՜ք նրանց ջահերն այլազան,
Որ եղիցի լու՜յս...
Եվ ո՜չ մի գավթում մի՜ ընդունեցեք
Նրանց մատաղը,
Որ իրենցը չէ՜, այլ գողացվա՜ծ է:
Մերժեցե՜ք նրանց զոհն էլ խոստացյալ,
Որ զոհ չգնա ի՜նքը` հավա՜տը`
Մաքուր վսեմը, անկեղծ անսո՜ւտը:

Ու թե աստված եք, ամո՜ւր փակեցե՜ք
Ձեր ականջներն էլ
Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց`
Անգիր, ինքնահոս, հաշվեկշռված այն աղոթքների,
Որով խաբում են ո՜չ իրենց, այլ դե՜զ:
Եվ բավակա՜ն է, հասկացե՜ք ընդմիշտ,
Որ աստծուն նույնիսկ հայհոյողները
Շա՜տ ավելի են գերադասելի,
Վասնզի նրանց բարկացրել է
Ի՜նքը` հավա՜տը`
Խոցված, արյունոտ,
Այրվող, ապտակված,
Ցաված, ճչացող
Մանուկ հավա՜տը,
Որ հա՜յր դառնալու համար է ծնվել:

Ու եթե հա՜յր եք, մի՜ թողեք,
Որ սուտ հավատացյալներն
Ըսպանեն նրան:

Ինչքան էլ ծանր է մանուկ պահելը,
Մանուկ թաղելը ծա՜նր է ավելի՜: