Այսօր՝ 26.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Hovhannes Tumanyan - Panduxtn ergec otar erkrum Հովհաննես Թումանյան - Պանդուխտն երգեց օտար երկրում...

Պանդուխտն երգեց օտար երկրում
Եվ սրտաբեկ հոգվոց քաշեց,
Երբ որ տխուր յուր երգերում
Անցած ուրախ օրերն հիշեց:

Մարմնով տկար, հոգով տխուր
Շուրջը նայեց, մեկը չըկար,
Որ տար գեթ մի բաժակ ցուրտ ջուր, —
Ողբաց պանդուխտն անմխիթար:

Եվ նա խնդրեց անժամանակ
Հանգստության լուռ գերեզման,
Անհույս երգեց վերջին նվագ, —
«Արի՜ , չարքաշ կյանքիս վախճան.

Էլ ույժ չըկա. — բարյավ մնաք,
Դուք սև օրեր պանդխտության,
Դուն, հայրական հեռու տնակ,
Եվ երազներ պատանեկան:

Իսկ դուն արի՜, քաղցր հիշատակ,
Կորցրած սիրո, վայելչության,
Արի ինձ հետ իբրև սփոփանք
Գերեզմանիս լուռ տխրության»:

Մեռավ պանդուխտն. բարյավ մնաք...
Գիտեք, որքան ձեզնից թաքուն
Խեղճը հեծեց, ողբաց մենակ...
Գեթ ողորմի տվեք հոգուն: