Այսօր՝ 20.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Hovhannes Tumanyan - Bardzric Հովհաննես Թումանյան - Բարձրից

Իմ բարի սրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից`
Կամեցավ` ելավ իմ հզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին:

Ու պայծառ ցոլաց դեմ վերին այեր`
Մարդկային ամեն հնարքներից վեր,
Վե~ր ամեն շուքից ու շամանդաղից`
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ:

Ու իր հարազատ բարձունքիցը լույս`
Անչար, անաչառ, անդորր ու անհույզ`
Պարզ, ամենատես հայացքովը նա
Ճառագեց ներքև` աշխարհքի վրա:

Տեսավ աշխարհքը` գեղեցի~կ, անվե~րջ,
Եվ հայրենիքներն անձուկ նրա մեջ,
Եվ աստվածները նրանց զանազան,
Եվ սուրբերը խիստ, խտրող ու դաժան:
Տեսավ` ուտում են ամենքն ամենքին.
Ամեն հայրենիք` իրեն զավակին,
Եվ իր պաշտողին` ամեն մի աստված,
Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած:

Ու ոչ մի երկիր չկա հանգչելու_
Խոր, արարչական հանգիստն անխռով,
Ու ոչ մի անկյուն չկա շնչելու
Շունչն աստվածային` լի անվերջ սիրով...

Անպատում վշտով վերստին նայեց
Իմ էս մեծ սրտին` աշխարհքից էլ մեծ _
Անսահմա~ն աշխարհք, և սեր ընդհանուր,
Եվ մարդը ուրախ, եվ երգ ամենուր...

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու _
Խոր, արարչական հանգիստն անխռով,
Էնտեղ հանգչելու, էնտեղ շնչելու
Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով...