Այսօր՝ 27.04.2024

Բարի գալուստ:
MRUTik.Ru - Հայկական ժամանցային կայք:
Hovhannes Tumanyan - Espes chi mna Հովհաննես Թումանյան - Էսպես չի մնա

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարհքի վրա...
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:

Լինում է` իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ:
Ունենում է սա մի խելոք տղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ:

Տարիք են անցնում: Էս խելոք տղեն
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը` էնպես է նայում:
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսության.
-Հը՞, ո՞նց ես, որդի՛ս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տկլոր, էլ քաղցած հո չե՞ս:
-Չէ՛, լավ եմ, հայրի՛կ, ապրուստս միշտ կա
Բայց ինչ անես որ... էսպես չի մնա...

Գնում է հայրը: Տարիք են անցնում:
Առաջ է գնում տղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին:
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսության.
-Հը՞, ո՞նց ես, որդի՛ս, էլ ի՞նչ ես ուզում,
Լողում ես առատ էս լիքը ծովում:
-Հա՛, լի եմ, հայրի՛կ, դու հանգիստ գնա,
Բայց ի՞նչ անես որ... էսպես չի մնա...

Գնում է հայրը: Տարիք են անցնում:
Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,
Որ թագավորը բերում է սրան
Իրեն տերության երկրորդն է անում:
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսության.
-Հը՞, ո՞նց ես, որդի՛ս, էլ ի՞նչ է մնում,
Քու խոսքովն են ողջ նստում-վեր կենում:
-Հա՛, մեծ եմ հայրի՛կ, նազիր եմ ահա,
Բայց ի՞նչ անես որ... էսպես չի մնա...

Գնում է հայրը: Տարիք են անցնում:
Էս բարի երկրի թագավորը ծեր
Մի օր անժառանգ ընկնում է մեռնում:
Գահն ու աշխարհքը մնում են անտեր:
Ժողովք են կանչում երկրի մեծերին:
Ժողովք են գալի, խորհուրդ են անում,
Բերում են իրենց խելոք նազիրին
Առքով ու փառքով թագավոր դնում:
Ու մեր գյուղացին լսում է մի օր`
Դարձել է իրեն որդին թագավոր:
Գալիս է.-Որդի՜ս, էլ ի՞նչդ է պակաս,
Ամբողջ աշխարհքում մի դու ես, որ կաս...
-Փառք աստծու, հայրի՛կ, ունեմ թագ ու գահ,
Բայց ի՞նչ անես որ... էսպես չի մնա...

Գնում է հայրը: Տարիք են անցնում:
Իր գահին բազմած ինքնակալը նոր
Մահվան ու կյանքի վճիռ է անում`
Բուռը հավաքած աշխարհքը բոլոր:
Բուռդ հավաքի աշխարհքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարհքին:
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես
Մահիճ է ընկնում, ավանդում հոգին:

Լսում է ծերուկ հայրը մի օր էլ,
Որ իր թագավոր որդին չմնաց:
Ի՞նչ ասել կուզի-գալիս է վրեն,
Էլ ի՜նչ մղկտոց, էլ ի՜նչ սուգ ու լաց...
Զորքով, աշխարհքով, ծեսով, հանդեսով,
Արքային վայել թաղում են անում,
Ու վեր են կենում` զրույց անելով
Ամենքը իրենց տներն են գնում:
Տարիք են անցնում: Հայրը մի անգամ
Գալիս է որդու շիրիմի վրա:
Գալիս է, տեսնում` մարմար մահարձան,
Բայց վրեն գրած... "Էսպես չի մնա...”:

Գնում է հայրը: Տարիք են անցել.
Ով կարա մեզնից հաշիվն իմանա...
Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է. "Էսպես չի մնա...”:

Ու չկա շքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարհքի վրա,
Մերն է աշխարհքը ու կյանքը հիմի,
Բայց մեր աշխարհքն էլ... էսպես չի մնա...